ԱՄՆ դաշնային հաստատությունների աշխատանքի ժամանակավոր դադարեցումը, կամ «շաթդաունը» երկարատևության ռեկորդ է սահմանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Պատճառը բյուջեի բացակայությունն է։
Բյուջետային ճգնաժամից տառապում են հարյուր հազարավոր պետծառայողներ, սակայն Սպիտակ տունն ու Կոնգրեսը պատրաստվում են երկարատև դիմակայության շարունակմանը:
Մինչ այս, ամենաերկարատև «շաթդաունը» տեղի է ունեցել 1995-ի դեկտեմբերից 1996-ի հունվարն ընկած ժամանակահատվածում և տևել 21 օր: Ներկայիս «շաթդաունը», որը սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 22-ից, շարունակվում է արդեն 22 օր:
Միացյալ Նահանգների դաշնային հաստատությունների մի մասը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ բյուջեի օրինագծի չընդունման պատճառով, որի շուրջ Թրամփի ու դեմոկրատների միջև լուրջ դիմակայություն է սկսվել: Հայտնի է, որ նախագահը 5,7 մլրդ դոլար է պահանջում Կոնգրեսից Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար, սակայն դեմոկրատները դեմ են: