Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատության մեջ հայտնված ռուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում պատմել է Բաքվի բանտում ադրբեջանցի բլոգերի սպանության մասին:
«Ես ճանաչում եմ երկու ադրբեջանցի բլոգերի, երկուսի անունն էլ Մեհման է:
Մեհման Գալանդարովի հետ ծանոթացել եմ 2017-ի ապրիլի վերջին: Վերջինս դաժանաբար սպանվել է Բաքվի Քուրդահանի բանտում, և ես վերջինն եմ եղել, ով տեսել է նրան կենդանի ժամանակ: Ինձ այդ ժամանակ պահում էին այդ նույն բանտում:
Մեհմանի հետ հանդիպել եմ պատահաբար: Ինձ բանտապահները ուղեկցում էին բանտի ղեկավար Ռաշիդ Սաֆարովի մոտ: Ինձ կանգնեցրին դեմքով դեպի պատը, իսկ ինձանից մի քանի մետր այն կողմ մեկ այլ բանտարկյալ էր կանգնած` նույնպես դեմքով դեպի պատը:
Նա ասաց. «Ալեքսա՛նդր, ողջո՛ւյն: Ես էլ եմ բլոգեր: Դու ինձ հավանաբար չգիտես, բայց ես քեզ տեսել եմ հեռուստացույցով: Իմ անունը Մեհման է: Օգնիր ինձ, նրանք ինձ այստեղ կսպանեն»:
Ես նրան պատասխանեցի, որ չեմ պատկերացնում, թե ինչով կարող եմ օգնել, որովհետև ինքս էի առևանգված և անօրինակ կերպով էի պահվում այդտեղ:
Մենք այլևս չկարողացանք խոսել, բանտապահները կոպիտ ձևով հրամայեցին, որ ձայներս կտրենք:
Միակ բանը, որ ես կարող էի անել նրա համար, իր մասին տեղեկության փոխանցումն էր Ռուսաստանի ու Իսրայելի դեսպաններին, որոնք ինձ այցելում էին բանտում: Արդեն երբ ազատվեցի ադրբեջանական գերությունից ու վերադարձա Իսրայել, սկսեցի փնտրել այդ մարդուն: Ես ադրբեջանցի մի քանի ընկերներիցս հարցրեցի նրա մասին և նրանք ասացին, որ այդ անձը բաքվեցի բլոգեր Մեհման Գալանդարովն է, որը դատապարտվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ քննադատական հրապարակումների համար: Պարզվեց, որ բլոգերը գազանաբար սպանվել է բանտի միջանցքում մեր պատահական հանդիպումից ընդամենը երեք օր անց: Իշխանությունները հայտարարեցին` իբր վերջինս «կախվել է»… Այնուհետև նրան հուղարկավորել են քաղաքային գերեզմանատանը:
Հարազատներին մի քանի օր շարունակ հրաժարվել են հայտնել, թե ինչ է տեղի ունեցել: Չնայած լուրջ սկանդալին, Բաքվի իշխանությունները կարողացան «քողարկել» գործը, և հանցագործությունն այդպես էլ չբացահայտվեց: Մարդասպանները մնացին անպատիժ: Հետաքրքիր է` նրան սպանել են նույն այն հանցագործնե՞րը, որոնք չորս ամիս անց փորձում էին ինձ խեղդամահ անել այդ նույն բանտում»,- գրել է Լապշինը:
Նա նաև պատմել է ադրբեջանցի երկրորդ բլոգեր Մեհման Հուսեյնովի մասին, ում հետ անձամբ ծանոթ չի եղել:
«Նրա մասին գիտեի լրատվամիջոցներից: Ներկայումս նրան նույնպես պահում այդ նույն Քուրդահանի բանտում»,- գրել է Լապշինը: