ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է սնանկացնել Թուրքիային, եթե Սիրիայից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո Անկարան իր ռազմական գործողությունների ժամանակ հարձակվի քրդերի վրա: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք տնտեսական հարված կհասցնենք Թուրքիային, եթե նա հարձակվի քրդերի վրա: Անհրաժեշտ է 20 մղոնանոց անվտանգության գոտու ստեղծում: Միևնույն ժամանակ ես չեմ ցանկանում, որ քրդերը սադրեն Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին կամ Սիրիային: Նրանք ամենամեծ ներդրումն են ունեցել ԻՊ-ի պարտության գործում: Մենք երախտապարտ ենք նրանց դրա համար: Մենք նրանց դրա համար երախտապարտ ենք, սակայն հիմա անհրաժեշտ է զորքերը տուն վերադարձնել», - գրել է Թրամփը:
Ավելի վաղ Թուրքիայում հայտարարել էին, որ ամերիկյան զորքերը տարածաշրջանից հանելու գործընթացի ձգձգման դեպքում կսկսեն Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ հետաձգված գործողությունը: