Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
Հուսով եմ, որ, վերստանձնելով այս բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք և Ձեր ղեկավարած կառավարությունը կշարունակեք անել հնարավորը Հայաստանի Հանրապետության զարգացման, երկրի ու ժողովրդի պաշտպանունակության ու անվտանգության համակարգի զորացման, տնտեսական առաջընթացի ապահովման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:
Համոզված եմ, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները համատեղ ուժերով հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության աստիճանը շարունակաբար բարձրացնելու և համընդհանուր խնդիրները լուծելու ուղղությամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ»։