ՀՀ զինված ուժերում և Արցախի ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: Համեմատական վերլուծությունը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 13-ով կամ 17 տոկոսով: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:
63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:
Մասնավորապես՝ Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝ 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
3-ը՝ հիվանդությունից,
1-ը՝ ականի պայթյունից,
1-ը՝ սպանության հետևանքով,
3-ը դժբախտ պատահարից,
6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,
2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով,
2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:
Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝
11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,
10-ը՝ հիվանդությունից,
4-ը՝ դժբախտ պատահարներից:
Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 56-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 20-ը՝ վերջինիս հետ չկապված: