ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Կոնգրեսում: Ինչպես հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA)` տվյալ օրենքը հաղթանակ է ցեղասպանությունների կանխարգելման և նոր վայրագությունների կանխման գործընթացների գործում:
«ANCA-ն ողջունում է նախագահի կողմից Վիզելի ակտի ստորագրումը և շնորհակալություն հայտնում օրենսդիրներին, որոնք օրինագծին աջակցել են: Լինելով նրանց ժառանգները, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունը, մենք ուրախ ենք տեսնել օրենքի ստորագրումը, որը վկայում է անցումային արդարադատության, քրեական պատասխանատվության և բարոյական հրամայականի մասին»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: