Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում արդեն հայտարարել է այն մասին, որ Ղարաբաղի հարցով ինքը բանակցություններ կվարի ներկայացնելով բացառապես Հայաստանի դիրքորոշումը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, և նա այս սկզբունքին հավատարիմ է: Հունվարի 16-ին Ազգային ժողովում այս մասին ասաց Արտաքին հարաբերությունների հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները շարունակում են մնալ հայկական կողմի օրակարգում: «Դուշանբեում Փաշինյանի և Ալիևի միջև ոչ պաշտոնական զրույցի ենթատեքստում ոչ մի հակասություն չկա: Ըստ էության, հարցն այն է, որ շփման գծում կողմերի միջև զինված բախումները բացառվեն: Ըստ էության, հենց այդ շփման արդյունքում էլ ստեղծվեց Երևանի և Բաքվի միջև հատուկ կապը, որը թույլ տվեց, համենայնդեպս այս փուլում, լարվածությունը զգալիորեն թուլացնել»,- նշեց Ռուբինյանը:
Նա, միաժամանակ, հրաժարվեց մեկնաբանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցի ժամանակ կատարած հայտարարությունները ցավոտ զիջումների մասին, որոնց հայկական կողմը պետք է գնա ընտրություններում Փաշինյանի կուսակցության մանդատ ստանալուց հետո: