Ռուսաստանն այս տարի առաջընթաց է ակնկալում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2018 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այս ամիս ծրագրվում է Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից համանախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի-խմբ.) հերթական շփումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այնպես որ, կարծում եմ` այս ուղղությամբ էլ մենք կկարողանանք օժանդակել հակամարտության կարգավորմանը, որը ձգձգվելու հատկություն է ձեռք բերել, բայց որը միանգամայն ենթակա է լուծման Երևանի ու Բաքվի բարի կամքի առկայության և միջազգային հանրության՝ ի դեմս համանախագահների աջակցության դեպքում»,- ասել է Լավրովը:
«Կարծում եմ, որ լուծումներ փնտրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, այդ թվում նաև Բաքվից, արժանի են լիակատար աջակցության: Հույս ունենք, որ հայ ընկերները կպատասխանեն փոխադարձությամբ», - ասել է Լավրովը: