Այսօր եվրոպական երկու երկրներում`Մեծ Բրիտանիայում և Հունաստանում, սպասվում է խորհրդանների կողմից կառավարություններին վստահության քվե հայտնելու քվեարկություն: Երկու երկրներում էլ հարցը զգայուն է և հուզում է այդ երկրների ազգաբնակչության ճնշող մեծամասնությանը:
Մասնավորապես, Հունաստանում խորհրդարանի կողմից կառավարությանը վստահության քվե հայտնելու հարցը բարձրացվել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասի առաջարկով, ով, հունվարի 14-ին հանդես գալով Հունաստանի խորհրդարանում հարևան Մակեդոնիայի հետ 2018թ. հունիսին կնքված պատմական համաձայնագրի շուրջ երկօրյա քննարկումների ժամանակ, կոչ է արել երկրի խորհրդարանին «կատարել հայրենասիրական պարտքը» և աջակցել իր կառավարությանն ու հարևան Մակեդոնիայի վերանվանման մասին համաձայնագրին:
Մինչ այդ` հունվարի 11-ին, Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրի անվանափոխման համար սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը (նախատեսվում է Մակեդոնիայի Հանրապետությունը վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության): Խորհրդարանը հաստատել է նաև ալբաներենին երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մասին օրենքը։ Մինչ այժմ ալբաներենը համարվում էր պաշտոնական լեզու միայն այն շրջաններում, որտեղ բնակվում են ալբանացիները: Ազգայնականների կարծիքով, սա մակեդոնական պետության միասնությանը հասցված հերթական հարվածն է: Մակեդոնիայի նախագահը հրաժարվում է ստորագրել այս օրենքները:
Այս ամենին հետևեցին բուռն զարգացումներ նաև Հունաստանում: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կիրակի` հունվարի 13-ին, ընդունեց երկրի կոալիցիոն կառավարության մաս կազմող աջակողմյան «Անկախ հույներ» կուսակցության առաջնորդ, երկրի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի հրաժարականը: Նախարարի ներկայացրած կուսակցությունում կտրականապես դեմ են հանդես գալիս հարևան երկրին իր անվան մեջ «Մակեդոնիա» բառը պաշտոնապես օգտագործելու իրավունքի փոխանցմանը։
Այս համաձայնագիրը ոչ միանշանակ է ընկալվում ինչպես երկու երկրների քաղաքական վերնախավի, այնպես էլ հանրությունների կողմից: Հունաստանում դեմ են հարևան երկրի անվանման մեջ Մակեդոնիա բառի կիրառմանը՝ համարելով, որ այդկերպ հարևան սլավոնական ազգը փորձում է յուրացնել Հունաստանի պատմությունը և ներկայանալ որպես Ալեքսանդր Մակեդոնացու ժառանգորդ: Մակեդոնիայում ևս «Մակեդոնիա» անվանման կիրառումն ազգային ինքնության պահպանման խնդիր են համարում` մտահոգվելով, որ Մակեդոնիայի Հանրապետությունից Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանվելը կարող է հարված հասցնել երկրի միասնությանը: Հունվարի 14-ին մի խումբ ակտիվիստների` երկրի անվանափոխության մասին երկրորդ հանրաքվե անցկացնելու մասին ստորագրահավաք կազմակերպելու հայտը հավանության արժանացավ Մակեդոնիայի խորհրդարանի օրենսդիր-իրավական հանձնաժողովի կողմից:
Շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ Մակեդոնիայի անվանափոխության հարցը Հունաստանի կողմից նախապայման է Մակեդոնիայի` Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության համար: Չի բացառվում, որ երկու կողմերի միջև համաձայնության ձեռքբերման հարցում որոշակի ազդեցություն են ունեցել հենց ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն` ունենալով մտահոգություններ առ այն, որ Մակեդոնիայի` կառույցներին ոչ լիարժեք ինտեգրման կամ ընդհանրապես չինտեգրման պարագայում կարող է այդ երկրում մեծանալ ռուսական ազդեցությունը:
Հույս ունենալով, որ Հունաստանի և Մակեդոնիայի միջև կնքված պատմական այս համաձայնագիրը կարող է խթան դառնալ տարածաշրջանում կայունության հաստատման և զարգացման համար՝ այնուամենայնիվ չպետք է բացառել, որ համաձայնագրի կնքմանը հետևած զարգացումներն երկու երկրներում կարող են հանգեցնել անցանկալի հետևանքների՝ հաշվի առնելով ինչպես տարածաշրջանում գերտերությունների շահերը, այնպես էլ հարցի լուծման պարտադրված, այլ ոչ թե հանրությունների շրջանում դրա հասունացած լինելը: