ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպմանը: Սա երկու նախարարների 4-րդ հանդիպումն էր, ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում:
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուան ամփոփել է բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ: Համանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում:
«Մասնակիցները երկու նախարարներին իրենց երախտագիտությունն են հայտնել գործադրվող ջանքերի համար՝ ուղղված ինտենսիվ բանակցություններին նպաստող և արդյունքներ արձանագրելուն միտված մթնոլորտի պահպանմանը:
Նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ և համաձայնել, որ անհրաժեշտ է բնակչություններին խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել:
Հանդիպման ժամանակ համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են բանակցային գործընթացի այս փուլի հիմնական սկզբունքներն ու պարամետրերը:
Նախարարներն ու համանախագահները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը՝ բանակցությունների դինամիկային ուժեղ ազդակ հաղորդելու համար:
Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը:
Համանախագահները նախատեսում են մոտ ժամանակներս հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ.,-ասված է հայտարարությունում: