ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավարտեց իր մերձավորարևելյան շրջագայությունը, որի ընթացքում այցելեց տարածաշրջանի 8 երկիր՝ Հորդանան, Իրաք, Եգիպտոս, Բահրեյն, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Կատար, Օման (Քուվեյթ ծրագրված այցը Պոմպեոն ստիպված էր չեղարկել՝ անձնական պատճառներով Վաշինգտոն վերադառնալու անհրաժեշտությունից ելնելով): Տարածաշրջանային իր այս շրջագայության ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն արաբական երկրների բարձրագույն ղեկավարության հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր` այդ թվում Սիրիայի, Եմենի, պաղեստինա-իսրայելական հակամարտությունները: Պոմպեոն փորձել է արաբական դաշնակիցներին ներկայացնել Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության տեսլականը՝ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին: Ինչպես երևում է ԱՄՆ պետաքարտուղարի հայտարարություններից, այդ քաղաքականության հիմնական կետը մերձավորարևելյան դաշնակիցներին Իրանի դեմ միավորելն է. ԱՄՆ-ը փետրվարի 13-14-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տասնյակ երկրների մասնակցությամբ հակաիրանական գլոբալ ֆորում է կազմակերպում:
Սիրիական հակամարտությունում Վաշինգտոնի վերջնական նպատակն երբեք միայն Սիրիան չի եղել. Սիրիայի միջոցով ամերիկյան իշխանությունները հույս ունեին ծնկի բերել նաև Իրանին: Սակայն Վաշինգտոնում քաջ գիտակցում են, որ այս տարբերակն այլևս արդյունավետ չէ. ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Սիրիայից:
Նման պայմաններում Վաշինգտոնին Իրանի դեմ նոր գործիք է հարկավոր: Այդպիսին կարող է դիտարկվել Իրանի հետ ոչ բարյացկամ հարաբերություններ ունեցող երկրների կոալիցիայի ստեղծումը: Եվ չնայած այդպիսի երկրների պակաս տարածաշրջանում չկա` ԱՄՆ համար բավականին դժվար է լինելու Իրանի դեմ այդպիսի գործիք ստեղծելը: Արդեն պարզ է, որ Իրանի դեմ կոալիցիայում ԱՄՆ-ը առաջին դերերում տեսնում է տարածաշրջանում, այդ թվում նաև Իրանի դեմ պայքարում, իր հիմնական դաշնակցին՝ Իսրայելին, իսկ արաբական երկրների համար Իսրայելի հետ նույն դաշինքում գործելը, որն ենթադրում է հարաբերությունների նորմալացում այդ երկրի հետ, բավականին դժվար է: Մյուս կողմից ԱՄՆ դաշնակից արաբական երկրներն ունեն բավականին բարդ հարաբերություններ միմյանց հետ. խոսքն առաջին հերթին Կատարի հետ Պարսից ծոցի մյուս միապետությունների ունեցած տարաձայնությունների ու փչացած հարաբերությունների մասին է: Իրանի դեմ արդյունավետ կոալիցիա ստեղծելու համար ԱՄՆ-ը շատ լուրջ ջանքեր պետք է ներդնի առնվազն միջարաբական և արաբա-իսրայելական տարաձայնությունները հարթելու ուղղությամբ: