Ամեն տարի պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, բազմաթիվ հայեր և թուրքեր են հավաքվում սպանության վայրում և ոգեկոչում ազատ խոսքի ջատագով Դինքի հիշատակը:
Հրանտ Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառումը տեղի է ունենալու հունվարի 19-ին Ստամբուլի Օսմանբեյ թաղամասում «Ակոս» թերթի նախկին խմբագրության դիմաց:
Սգո միջոցառումն անցկացվելու է «Չենք հրաժարվում, ախպարիգ» (Vazgeçmiyoruz Ahparig) խորագրի ներքո։
Հունվարի 19-ին, ժամը 21:30 մեկ այլ սգո միջոցառում է ընթանալու Ստամբուլի Բեյօղլու թաղամասում:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` հղում կատարելով «Ակոս»-ին, հունվարի 17-ին և 18-ին Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված կլոր սեղանի ձևաչափով քննարկումներ կկազմակերպվեն Ստամբուլում և Անկարայում:
Ըստ աղբյուրի` «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Դինքի հիշատակին նվիրված ֆիլմերի ցուցադրություն, ներկայացումներ և այլ բնույթի միջոցառումներ են նախատեսվում Գերմանիայի մի քանի քաղաքներում, Լոս-Անջելեսում և Բրյուսելում: