ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մշակվող մերձավորարևելյան հաշտության պլանը ենթադրում է պաղեստինյան պետության ստեղծում Հորդանան գետի արեմտյան ափի 90 տոկոսի վրա և Երուսաղեմի բաժանում, հայտնում է իսրայելական «Ռեշետ-13» հեռուստաալիքը:
Նյութի հեղինակը՝ հայտնի լրագրող Բարաք Ռավիդը, վկայակոչել է աղբյուր, որը ներկա է եղել անունը չհայտնած ամերիկացի պետական պաշտոնյայի դռնփակ ճեպազրույցին:
«Սպիտակ տան հաշտության պլանը, որը նախագահ Դոնալդ Թրամփը ուզում է ներկայացնել առաջիկա ամիսներին, ենթադրում է պաղեստինյան պետության ստեղծում Հորդանան գետի արևմտյան ափի մոտավորապես 90 տոկոսի վրա՝ Արևելյան Երուսաղեմի որոշ մասերում մայրաքաղաքով»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդման մեջ:
Պաղեստինցիները, վերջինիս տվյալներով, կրկնակի ավելի հողեր կստանան, քան վերահսկում են այժմ, սակայն Երուսաղեմի պատմական կենտրոնն՝ իր կրոնական սրբավայրերով և հարակից շրջաններով, կմնա Իսրայելի ինքնիշխանության ներքո, ինչպես և քաղաքի արևմտյան մասը:
Իսրայելացիների իշխանության ներքո կմնան Արևմտյան ափի հրեական խոշոր բնակավայրերը, կպահպանվեն մեկուսացված բնակավայրերը` սակայն առանց դրանց ընդլայնման իրավունքի, և պետք է տարահանվեն այսպես կոչված «անօրինական բնակավայրային առաջադիրքերը»: Պլանի հեղինակները կորուստները կփոխհատուցեն տարածքային փոխանակության մեխանիզմների հաշվին:
«Թրամփի հաշտության պլանն այն տեսքով, որը ճեպազրույցում նկարագրել է ամերիկացի պաշտոնյան, Իսրայելի համար ամենահարմար տարբերակն է վերջին երկու տասնյակներին ընթացքում»,- պնդում է հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: