Եվրախորհրդարանի հունվարի 17-ի նիստում Ադրբեջանի իշխանություններն, այդ երկրում առկա մարդու իրավունքների իրավիճակի քննարկման համատեքստում սուր քննադատության են ենթարկվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Եվրախորհրդարանի նիստի ժամանակ տարբեր երկրներից մոտ երկու տասնյակ խորհրդարանականներ անդրադարձել են Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներին և, մասնավորապես, քաղբանտարկյալ ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովի գործին:
Խորհրդարանականները գրեթե միաձայն նշել են, որ Ադրբեջանի իշխանությունները երկար տարիներ կոպիտ ձևով խախտում են ստանձնած պարտավորությունները և մարդու իրավունքների ու ժողովրդավարության սկզբունքները:
Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատության են ենթարկել նաև ադրբեջանական լոբբիով զբաղվող եվրոպական գործիչներին, որոնք Ադրբեջանի իշխանություններից ստացվող գումարների դիմաց աչք են փակում այդ երկրում տեղի ունեցող աղաղակող խախտումների վրա և տարբեր կեղծ մեթոդներով փորձում արժևորել Ադրբեջանի՝ որպես Եվրոպայի համար բնական գազի աղբյուր հանդիսացող երկրի, դերը:
Խորհրդարանականները նշել են, որ ի դեմս Պեդրո Ագրամունտի, այն բոլոր եվրոպական գործիչները, ովքեր գումարի դիմաց փորձել են պաշտպանել Ադրբեջանի իշխող կոռումպացված ռեժիմին, պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն:
«Պետք է վերջ դնել պաշտոնյաների կամայականություններին, պատժամիջոցներ կիրառել այդ երկրի առաջին դեմքի և մյուս պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար»,- գրեթե միաձայն ասվել է պատգամավորների ելույթներում:
Առևտրի հարցերով եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալստրոմը նշել է, որ Բրյուսելը ակտիվ երկխոսության մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ, և իրենք պահանջում են անհապաղ ազատ արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովին: