ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Փարիզում հունվարի 16-ին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Այս մասին, ինչպես փոխանցում է panorama.am-ը, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դուջարիկի տարածած հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական հանձնառությունը՝ երկար ձգվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու և հատկապես ողջունում է նախարարների համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ։
Գլխավոր քարտուղարը վերահաստատում է Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին»,-ասվում է հայտարարության մեջ։