Համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ը Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափին դասել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում (Best Software Companies 2019 Awards)։ Այս մասին հայտնում է Renderforest ընկերության մարքեթինգային թիմը:
G2crowd-ն աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը ոլորտի ընկերությունների վարկանիշային ցանկեր է կազմում՝ հիմնվելով իրական ժամանակում անկողմնակալ օգտատերերի կողմից տրված օբյեկտիվ գնահատականների վրա։
Հայկական Renderforest-ը մի քանի հորիզոնականով գերազանցել է նույնիսկ Facebook-ին, որը համարվում է Սիլիկոնյան Հովտի գիգանտներից մեկը։ Իսկ առաջին հորիզոնականում է Google-ը:
Հիշեցնենք, որ Renderforest-ը վիդեո անիմացիաների, լոգոների ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։