2007 թվականին հենց այս օրը՝ հունվարի 19-ին թուրք անչափահասի ձեռքով սպանվեց «Ակոս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքը: Այդ սպանությունը ստիպեց իր իսկ կողմից հիմնված պարբերականի խմբագրատան շենքի մոտ հավաքված բազմահազարանոց ամբոխին միաձայն բացականչել՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»:
Թուրքիայի պատմության ցավոտ էջերին անդրադառնալու և կարևորագույն հիմնախնդիրները մշտապես բարձրաձայնելու պատճառով թիրախավորված Դինքի սպանության պատվիրատուները կարծում էին, թե մեկընդմիշտ կազատվեն այն խնդիրներից, որոնք իրենց համար մշտապես հարուցում էր պոլսահայ մտավորականը: Սակայն Դինքի դեմ արձակված կրակոցներն ի զորու չեղան լռեցնելու արդարության ձայնը, որի դիմաց թուրքական իշխանական շրջանակները խուլ էին ձևանում:
Այսօր Թուրքիայում խաղաղասեր աղավնու համբավ վայելող Դինքը դարձել է խորհրդանիշը բոլոր նրանց, ովքեր սեփական ծագման, հայացքների ու գաղափարների համար երկրի ներսում շարունակում են հալածվել:
Թեպետ Դինքի սպանության բացահայտմանն ուղղված՝ ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող դատական գործընթացը դեռևս շոշափելի արդյունքներ չի տվել սպանության մեղավորներին հայտնաբերելու և պատժելու տեսանկյունից, սակայն Դինքի ընկերներն ու գաղափարակիցները վստահաբար հայտարարում են՝ հետամուտ են լինելու արդարության հաստատմանը և թույլ չենք տալու, որ հանցագործությունը կորի երկրի մթին հետնախորշերում: