Վրացական կողմը և «Գազպրոմ էքսպորտ»-ը բանակցություններ են վարում Հայաստան ռուսական գազի տարանցման մասին նոր համաձայնության մասին, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կոբուլիան։
«Վարվում է բանակցությունների գործընթաց, և մինչև դրա ավարտը գործում են նախկին համաձայնության պայմանները։ Կարծում ենք, որ երկու շաբաթ հետո բանակցությունները կավարտվեն, և մենք կհայտնենք այն ամենը, ինչը գաղտնի չի լինի»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին հայտարարել է Կոբուլիան ։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել էր, որ երկիրը կշարունակի կատարել իր տարանցման գործառույթը՝ Հայաստան տեղափոխելով Ռուսաստանի բնական գազը։
Մինչև 2017թ. հունվարը Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման համար Վրաստանն ստանում է տարանցված գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը։ Վրաստանի և «Գազպրոմ էքսպորտ» ընկերության միջև վերջին պայմանագրի համաձայն՝ 2017թ. Հայաստան գազի տարանցման համար վճարումները կատարվում էին խառը սխեմայով՝ մասամբ փողով և մասամբ՝ գազով, իսկ 2018-ին՝ միայն դրամական միջոցներով։