Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկուշաբթի խորհրդարանում կներկայացնի Եվրամիությունից իր երկրի դուրս գալու այլընտրանքային ծրագիրը: Նա կփորձի պատգամավորներին բացատրել, թե կառավարությունն ինչ քայլեր է մտադիր կատարել Brexit-ի շուրջ բանակցությունները փակուղուց հանելու համար, որում գտնվում են «ապահարզանի» օրից ընդամենը ավելի քան 2 ամիս առաջ, փոխանցում է Euronews-ը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Համայնքների պալատում տեղի ունեցավ քվեարկություն, որով խորհրդարանականները մերժել են Brexit-ի պայմանների համաձայնագիրը:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ է ներկայկացնելու «պլան Բ»-ն, սակայն մամուլն արդեն մի քանի ենթադրություններ է տարածել: Այսպես The Sunday Times-ը գրում է, որ կառավարությունը կարող է գնալ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև առանձին երկկողմ համաձայնագրի կնքման, որի հիման վրա հնարավոր կլինի լուծել Հյուսիսային Իռլանդիայի ապագա սահմանային ռեժիմի խնդիրը: Մինչդեռ Sky News-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ պաշտոնական Դուբլինը նման հնարավորությունը մերժել է, քանի որ «հույս չկա», որ նման համաձայնագիրը կարող է Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնագրից բացառել, այսպես կոչված, բեքսթոփի կետը՝ Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո Օլսթերի մնալը ԵՄ մաքսային միության և եվրոպական միացյալ շուկայի մեջ: