Վերջին օրերին Արցախյան հակամարտության առնչությամբ միջազգային հանրության կողմից և հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի վրա ճնշումն աստիճանաբար աճում է:
Եթե նախորդ տարվա ընթացքում, պայմանավորված Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով և նոր իշխանությունների ձևավորման գործընթացով, միջազգային հանրությունը սպասողական դիրքում էր և հստակեցումների էր սպասում՝ կապված ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշման և մտադրությունների հետ, ապա խորհրդարանական ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո միջազգային հանրության ջանքերն էականորեն ակտիվանալու են: Այդ մասին արդեն իսկ վկայում են հունվարի 16-ին Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետևած արձագանքները:
Միջնորդները սպասում են կողմերի հստակ ջանքերի՝ հանրություններին խաղաղության պատրաստելու հարցում, և բանակցությունների էական ակտիվացման: Սակայն դրան գումարվում է նաև այն, որ նախորդ տարվա ընթացքում պաշտոնական Բաքուն ամեն ինչ արեց կառուցողականություն ցուցադրելու համար: Ավելին, նախորդ տարի Փաշինյան-Ալիև մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը տպավորություն ստեղծեց, որ ՀՀ նոր իշխանությունների պարագայում երկխոսությունն արդյունքներ է տալիս: Արդյունքում, միջնորդների մոտ ընկալում ձևավորվեց, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են առաջ մղել գործընթացը և պետք է ճնշում գործադրել ՀՀ նորընտիր իշխանությունների վրա՝ բանակցություններում առաջընթացի հասնելու համար:
Պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 16-ին հայտարարեց, որ կարգավորում գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարություններն արժանի են աջակցության և հույս հայտնեց, որ հայ գործընկերները փոխադարձությամբ կպատասխանեն: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ընդգծեց, որ «Միացյալ Նահանգներն աջակցում են հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին» և Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման ջանքերին:
ԵՄ խոսնակն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարն, իրենց հերթին, մեկնաբանել էին հունվարի 16-ի հանդիպումն ու կարևորել Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կողմերի պայմանավորվածությունն ու խաղաղ կարգավորմանը կողմերի նվիրվածությունը: Սա ևս վկայում է Արցախյան հակամարտության նկատմամբ միջազգային հանրության ուշադրության մեծանալու մասին:
Կարող ենք արձանագրել, որ միջնորդներն ու միջազգային հանրությունը համարում են, որ այժմ հարմար պահ է բանակցային գործընթացն առաջ մղելու համար, և ակտիվ ջանքեր են գործադրելու այդ ուղղությամբ: Սակայն հայաստանյան իշխանություններն այդ իրավիճակում խնդիր ունեն ավելի արդյունավետ երկխոսություն վարել միջնորդների հետ՝ Ադրբեջանի կեղծ կառուցողականության ֆոնին ճնշման տակ չհայտնվելու համար: