Մասնագետները պնդում են, որ լուսնի խավարումը ոչ մի կերպ չի ազդում մարդու առողջության վրա։
«Ֆիզիկայի, քիմիայի և բժշկության տեսանկյունից լուսնի խավարումն ուղղակի ազդեցություն չունի մարդու առողջության վրա», - «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Վլադիմիրսկու անվան գիտահետազոտական կլինիկական ինստիտուտի խորհրդատվական–ախտորոշիչ աշխատանքի հարցերով գլխավոր բժշկի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուսլան Կոշելևը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ում և Ասիայի տարբեր երկրներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սովորական օրերի համեմատ լուսնի խավարման օրերին ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում:
Բժիշկ-հոգեբույժ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր Լև Պերեժոգինը բացատրել է, որ լուսնի խավարումը կարող է ազդել մարդու հոգեվիճակի վրա միայն այն ժամանակ, երբ մարդը հավատում է դրան։