Ադրբեջանում ընդդիմադիր ուժերի ակտիվացում է նկատվում:
Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս քաղբանտարկյալներին ազատելու պահանջով։ Ցույցն անցկացվել է «Ազատություն», «Վերջ դիկտատուրային», «Հրաժարական տվեք» կարգախոսների ներքո: Այն կազմակերպվել է Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդի նախաձեռնությամբ, որին աջակցել են նաև «Մուսավաթ» և այլ կուսակցությունների ակտիվիստները:
«Մեր պահանջներ են` ազատել Մեհման Հուսեյնովին և այլ քաղբանտարկյալներին, ինչպես նաև վերադարձնել օֆշորային հաշիվներին բյուջեից փոխանցված գումարները», - հանրահավաքից առաջ հայտարարել է Ազգային խորհրդի նախագահ Ջեմիլ Հասանլին:
Հանրահավաքի ընթացքում ակտիվիստները դժգոհում էին ոչ միայն ինտերնետի բացակայությունից, այլև մեղադրում էին իշխանությանը «լայն հասարակությանը ճշմարտությունը հասցնելու» ճանապարհին խոչընդոտներ ստեղծելու մեջ։
Նշենք, որ հանրահավաքն անցկացվել է ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո: Ակտիվիստների խոսքերով, սովորության համաձայն, իշխանություններն արգելափակել են ինտերնետ կապը, և ցուցարարները զրկված են եղել սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակում իրականացնելու հնարավորությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի դատապարտված ակտիվիստներ հացադուլ են սկսել` ի աջակցություն Հուսեյնովի: Այժմ արդեն «Ազատություն Մեհման Հուսեյնովին և մնացյալ քաղբանտարկյալներին» կարգախոսով ընդդիմադիրները Մուսավաթ կուսակցության գլխավոր գրասենյակում են հացադուլ սկսել՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նշենք, որ բլոգերը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ նա տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի` երկրի փոխնախագահի պաշտոնին նշանակվելու վերաբերյալ:
Ինչպես գրում է Turan-ը, հանրահավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջել են իշխանություններից Մեհման Հուսեյնովին և այլ քաղբանտարկյալներին ազատ արձակել: «Եվրախորհրդարանը քննարկում է Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրը, և դա իշխանության մեղքն է, որը երկիրը դարձրել է Աֆրիկայի բանանային հանրապետություն»,- ասել է «Մուսավաթ» կուսակցության վարչության անդամ Տոֆիկ Յագուբլուն:
«ՌԵԱԼ» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի խոսքերով, իշխանությունները, փոխարեն լուծեն երկրի առջև ծառացած խնդիրները, «հաշիվներ են փակում երիտասարդ առաջնորդներ` Մեհման Հուսեյնովի և այլ ակտիվիստների հետ»:
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, ընդդիմադիր Ալի Քերիմլին մեղադրել է իշխանություններին կոռուպցիայի և դեպրոտիզմի մեջ: «Այսօր այստեղ հավաքվել է 20 հազար մարդ, որպեսզի դինաստիական ռեժիմից ազատվելու իրենց ցանկությունն արտահայտեն: Մեր շարժումը կավարտվի այս ռեժիմին պատմության գիրկն ուղարկելով», - ասել է Քերիմլին:
Ի դեպ, ընդդիմադիրները խոսում են մեծ թվով ցուցարարների մասին (մոտ 20.000), իսկ Բաքվում ոստիկանությունը նշում է, որ հանրահավաքին մասնակցել է 2800 մարդ:
Ընդդիմության հանրահավաքը ստիպել է խոսել նաև Ալիևի իշխանության կողմնակիցներին:
Այսպիսով, Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլիի խոսքով` կան ուժեր, որոնք ձգտում են ընդդիմություն ստեղծել Ադրբեջանում: «Երկրի որոշ խմբավորումներ, օտարերկրյա քարոզչության և այլ գործոնների ազդեցության ներքո, սեփական շահադիտական նպատակներին հասնելու համար փորձում են ստեղծել ընդդիմություն Ադրբեջանում` մասնավորապես, հանրահավաքների կազմակերպման և անցկացման միջոցով»:
Իսկ իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովն ասել է, որ վերջին 10-15 տարիների ընթացքում Ադրբեջանում շատ բան է փոխվել, բացառությամբ ընդդիմության:
Սակայն նշենք, որ հարևան Ադրբեջանում շատ բան չի փոխվել: Հանրահավաքից անմիջապես հետո` Բաքվում «Սև հունվարը» նշելու ժամանակ, տասնյակ ընդդիմադիրներ են ձերբակալվել և բերման ենթարկվել:
«Մարդկանց, ովքեր եկել էին ծառուղի, բաժանեցին փոքր խմբերի և թույլ չտվեցին առաջ գնալ: Ինձ թույլ տվեցին 150 հոգանոց խմբով ներս մտել: Հետո կրկին խմբերի բաժանեցին և սկսեցին բաց թողնել 15-20 հոգու », - նշել է Ալի Քերիմլին:
Նրա խոսքով` Ալիևն այդպիսի հրաման է տվել` վախենալով նախօրեին տեղի ունեցած ցույցից…