Իսրայելը հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը հերթական անգամ հրթիռակոծել է Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող իրանական ռազմական օբյեկտները` վնաս հասցնելով նաև օդանավակայանի ենթակառուցվածքին: Ավիահարվածների արդյունքում եղել են զոհեր` այդ թվում սիրիական բանակի զինծառայողներ:
Իսրայելն արդեն ավելի քան երկու տարի է Սիրիայի տարածքում Իրանի դեմ ռազմական գործողություններ է իրականացնում, սակայն սովորաբար այդ մասին նախընտրում էր չխոսել: Վերջին շրջանում իսրայելական կողմը հաստատում է Սիրիայում իրանական թիրախներին հասցված հարվածները:
Սա թերևս կարող է նշանակել, որ Իսրայելը նախատեսում է Սիրիայում ակտիվացնել պայքարն Իրանի դեմ: Ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից նշանակում է, որ հակամարտության կարգավորումից հետո Սիրիան, ըստ էության, բաժանվելու է ազդեցության երեք գոտիների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի. ԱՄՆ-ն այժմ հավակնում է Թուրքիայի հետ «կիսելու» Սիրիայում վերջինիս ազդեցության գոտին:
Սա Իսրայելի համար դժվար է լավ լուր անվանել. Սիրիայում ամրապնդվում է Իրանի` հրեական պետության տարածաշրջանային գլխավոր հակառակորդի ազդեցությունը: Թել-Ավիվին նախորդ տարի հաջողվեց Մոսկվայի միջնորդությամբ հասնել նրան, որ Իրանը հեռանա սիրիա-իսրայելական սահմանից, սակայն վերջինիս դժվար հաջողվի միայն դիվանագիտական միջոցներով հասնել իրանական դիրքերը նաև Լիբանանի հետ սահմանից հանելուն:
Սիրիայում Իրանի ազդեցության գոտու ամրագրումը Թել-Ավիվի համար նշանակում է, որ իրանական ազդեցությունը տարածաշրջանում ավելի է մեծանալու, և իսրայելական իշխանություններին հարկավոր է դրա դեմ քայլեր ձեռնարկել: Այս համատեքստում հետաքրքիր է, որ Իսրայելը որոշել է ակտիվացնել տարածաշրջանում Իրանի ազդեցության դեմ պայքարը ոչ միայն Սիրիայում, այլ նաև Լիբանանում` վերջնիս հետ սահմանին ռազմական գործողություն իրականացնելով Իրանի կողմից հովանավորվող շիական «Հզբոլլահ» շարժման դեմ:
Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ ԱՄՆ-ն ամբողջովին աջակցում է Սիրիայում Իսրայելի հակաիրանական պայքարը: Ավելին, Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում Իրանի դեմ գլոբալ կոալիցիա ձևավորելու ուղղությամբ: Վերջինիս հաջողության դեպքում չի բացառվում, որ Սիրիայում Իսրայելը ոչ թե հաճախակիացնի Իրանի դիրքերին հարվածների պարբերականությունը, այլ լայնամասշտաբ գործողություն սկսի Սիրիան իրանական ազդեցությունից «ազատագրելու» ուղղությամբ: