Ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո Թուրքիան նորից օրակարգ բերեց շատ վաղուց քննարկվող՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու հարցը: Այս առնչութամբ վերջինս արդեն ակտիվացրել է բանակցությունները թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական կողմերի հետ: Թեման ընդգրկված է հունվարի 23-ին Ռուսաստանում կայանալիք Էրդողան-Պուտին հանդիպման օրակարգում, ինչպես նաև կքննարկվի Վաշինգտոնում՝ փետրվարի 5-ին նախատեսված թուրքական պատվիրակության այցի շրջանակներում:
Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին քննարկումները սկսվել են դեռ 2013-ից: Ի սկզբանե, անվտանգության գոտին Սիրիայում նախատեսված էր ստեղծել մարդասիրական նկրտումներից ելնելով՝ որպես փախստականների համար հնարավոր ապաստարան: Այսօր Թուրքիան կարևորում է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը իր պետության տարածք ահաբեկիչների հնարավոր թափանցումը և ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով: Ի դեպ, անվտանգության գոտու նկատմամբ վերահսկողությունը, թուրքական կողմի պնդմամբ, պետք է լինի բացառապես Թուրքիայի վրա:
Թուրք-սիրիական սահմանին մոտ 32 կմ լայնությամբ անվտանգության գոտի ստեղծելու գաղափարին Թրամփի վարչակազմը դրական է վերաբերվում: Հունվարի 23-ին այն բոլոր մանրամասներով կքննարկվի ու կհամաձայնեցվի նաև ռուսական կողմի հետ: Սակայն այս մտքին արդեն դեմ են արտահայտվել պաշտոնական Դամասկոսը և Սիրիայի քրդերը: Քրդերի հիմնական փաստարկն այն է, որ Թուրքիան չեզոք կողմ չէ և չի կարող անվտանգության երաշխավոր լինել: Նրանք համաձայն են Թուրքիայի և հյուսիսային Սիրիայի միջև բաժանարար գիծ ունենալուն՝ միայն ՄԱԿ-ի խաղաղապահների վերահսկողության ներքո: Սրան ի պատասխան՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՄԱԿ-ը մտադիր չէ մասնակցել նման անվտանգության գոտու ստեղծմանը: Ինչ վերաբերում է Դամասկոսին, ապա վերջինս պնդում է, որ Թուրքիայի այս նախաձեռնությունը ոչ այն ինչ է, եթե ոչ ոտնձգություն Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ:
Թուրքիայի համար Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը մեծ կարևորություն է ներկայացնում առաջին հերթին քրդերի դեմ պայքարի և վերահսկողությունը սեփական ձեռքերում պահելու տեսանկյունից: Լավագույն անվտանգության գոտին Անկարայի համար տարածքն է առանց արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) և առաջին հերթին քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG): Թույլ չտալու համար թուրքական ծրագրերի իրականացումը՝ քրդական ուժերը փորձում են բանակցել Ռուսաստանի, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Չի բացառվում, որ նրանց վրա որոշակի ճնշումներ կլինեն նաև ԱՄՆ-ի կողմից, ում հետ որպես դաշնակիցներ պայքարում էին «Իսլամական պետություն» խմբավորումների դեմ:
Ամեն դեպքում, անվտանգության գոտու ստեղծումը Թուրքիայի համար հեշտ ծրագիր չէ, Անկարան ևս մտահոգություններ ունի այս առնչությամբ: Նախագահ Էրդողանը անձամբ բարձրաձայնեց այդ մտահոգությունների մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել, եթե այն պետք է «ճահճի» վերածվի, ինչպես հյուսիսային Իրաքում։ Խոսքը 1991-ի Ծոցի պատերազմից հետո Իրաքում ստեղծված անվտանգության գոտու մասին է, ինչը հանգեցրեց Իրաքի քրդերի ինքնավարության ձեռքբերմանը:
Այս է պատճառը, որ Թուրքիան պնդում է ստեղծել բացառապես սեփական վերահսկողության ներքո գործող անվտանգության գոտի, ինչը, իհարկե կփոխի ուժերի հարաբերակցությունը Սիրիայում և կամրապնդի Թուրքիայի դիրքերը: Բնականաբար, այս ամենը հասկանում են նաև Ռուսաստանում և հունվարի 23-ին սպասվող Էրդողան-Պուտին հանդիպումը կարևոր նշանակություն կարող է ունենալ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու թուրքական պլանների կյանքի կոչման տեսանկյունից: