Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցանկանում է իր բլոգներից մեկում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լապշինն ասել է հունվարի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում:
«Դիմել եմ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն և խնդրել, որ ինձ թույլատրվի այցելել սահմանային գոտի, որպեսզի իմ բլոգում կարողանամ պատմել այն Ադրբեջանի կողմից գնդակոծվող գյուղերում ապրող մարդկանց կյանքի մասին: Դա Նոյեմբերյանի շրջանն է և մի քանի այլ շրջաններ»,- ասել է Լապշինը:
4-րդ անգամ Հայաստանում գտնվող բլոգերն այս անգամ եկել է բացառապես ճանաչողական այցով:
«Ցանկանում եմ մեքենա վարձակալել, շրջել երկրով, տեսնել այն, ինչ դեռ չեմ տեսել: Ես հարցում եմ ուղարկել, ցանկանում եմ տեսնել Սյունիքը, որտեղ դեռ չեմ եղել»,- նշել է նա: