Վրաստանի և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև դեպի Հայաստան մատակարարվող ռուսական գազի տարանցման շուրջ բանակցություններն ավարտին կհասցվեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում ու նոր պայմանագիր կկնքվի: Այն մասին, որ Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել տրանզիտային երկրի իր դերակատարությունից, այս տարվա հունվարին փաստեց Վրաստանի վարչապետ Բախտաձեն:
Վրացական կողմի որոշումը սպասելի էր, չնայած դեռևս անցյալ տարի պայմանագրի թարմացումից հետո առկա որոշակի ներքին լարվածությանը (վրացական փորձագիտական որոշակի շրջանակներում պայմանգիրը որակվել էր, որպես ռուսական կողմի շահերը պաշտպանող): Վրաստանի՝ տարանցիկ երկրի դերակատարության պահպանման ձգտումը կարելի է պայմանավորել մի շարք քաղաքական և այլ գործոններով, այդ թվում՝ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը, տրանզիտի դիմաց ստացվող եկամուտների ապահովումը: Հիշեցնենք, որ եթե մինչև 2017թ.-ի վերջը գազի փոխադրման դիմաց Վրաստանը ՌԴ-ից ստանում էր մասամբ հումք, մասամբ գումար, ապա 2018-ին տարանցման սպասարկումը կազմակերպվեց բացառապես ֆինանսական միջոցներով: Այդպիսով Վրաստանը բավարարեց նաև ՌԴ-ից էներգետիկ կախվածությունը թուլացնելու ձգտումը:
Հասկանալի է, որ գազի փոխադրման հետ կապված ծախսերով է նաև պայմանավորվում այն սակագինը, որով ռուսական գազը ձեռքբերող ընկերությունը՝ «Գազպրոմ Արմենիան», պատրաստ է կապույտ վառելիքն իրացնել Հայաստանում:
Հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի՝ Դավոսում արված հայտարարությունն առ այն, որ «Գազպրոմ Արմենիայի» հետ կա պայմանավորվածություն գազի ներքին սպառման սակագինը թողնել անփոփոխ, կարելի է ենթադրել, որ գազի տարանցման հետ կապված առաջիկայում սպասվող ծախսերը կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվելու, այսինքն Վրաստանի հետ գազային պայմանավորվածությունների արդյունքում սպասվող փաստաթուղթն առանձնապես մեծ փոփոխություններ չի պարունակի:
Սա, իհարկե, միակ գործոնը չէ, որով կարելի է բացատրել «Գազպրոմ Արմենիայի» հետ ներքին գների համաձայնեցումը. կան մի շարք քաղաքական հարցեր, որոնք մշտապես քննարկման սեղանին են: Ըստ այդմ, այս ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է կրեն մշտական ու հետևողական բնույթ: