ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրեց մանրամասներ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպումից: Նա նախ անդրադարձավ այն հարցադրումներին, թե ինչու հանդիպման մասին նախապես չի հայտարարվել, և պլանավորված էր արդյոք հանդիպումը:
Փաշինյանը հիշեցրեց, որ այս հանդիպումը Ալևի հետ արդեն թվով երրորդն էր, և երեքն էլ նախապես պլանավորված չեն եղել, և ինչպես Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում հավանականություն կար, որ կհանդիպեն, նույնքան էլ կար, որ չեն հանդիպի, գրում է Tert.am-ը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ համանախագահների շփման արդյունքում ըմբռնում կա, և իրենք էլ այդ մոտեցումն են որդեգրել, որ այսպիսի միջոցառումների ժամանակ, երբ երկու ղեկավարներն էլ մասնակցում են, առնվազն չխուսափեն հանդիպումներից:
«Եթե առիթ կա հանդիպելու, հանդիպենք և խոսենք, դրանք ոչ պաշտոնական հանդիպումներ են և բանակցային գործընթացի պաշտոնական հանգրվան չեն»,-ասաց նա: Վարչապետը հավելեց, որ Դավոսի հանդիպումը այնպես է ստացվել, որ կազմակերպիչները, իմանալով որ այստեղ են, հարցրել են կողմերին, թե արդյոք դեմ չեն հանդիպմանը, շփմանը: Ինչպես իրենք, այնպես էլ ադրբեջանական կողմը ասել են, որ դեմ չեն ոչ պաշտոնապես զրուցել:
ՀՀ վարչապետը նաև քննարկման բովանդակությանն անդրադարձավ, ասաց, որ այն կապված է բանակցային գործընթացի պատմության հետ, թե երբ ինչ տեղի ունեցավ, ինչ վիճակ էր, նաև հնարավորությունները քննարկվեցին, թե ինչ պայմաններ կան կարգավորման կոնտեքստում: «Քննարկվեցին, թե ինչ պայմանավորվածություններ ու անհնարինություններ կան, ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկում, մտքեր ենք փոխանակում, և սա ընկալումներին ծանոթանալու, շփվելու հնարավորություն է», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց ընդգծել, որ քննարկումների հիմնական առանցքն այն է, ինչ իրենք խոսում են հրապարակային: «Բանակցություններում խոսվում է այն ամեն ինչը, ինչ ասում ենք նաև հրապարակային: Ես շատ կարևոր եմ համարում արձանագրել այսօրվա համար և մեկընդմիշտ, երբ լինում են մեկնաբաններ, ուժեր, քաղաքական գործիչներ, ովքեր փորձում են հանրությանը ներշնչել, թե տեսեք՝ դավադրություններ են արվում և դավադրությունների տեսություն կառուցել, հույս ունեմ, որ կհասկանան, որ այս պայմանավորվածությունը մեկընդմիշտ է, որ դավադրություններ լինել չեն կարող, և դա աբսուրդ, է և դա իրավիճակի չընկալման հետևանք է, որ մտածում են, որ մեր կառավարությունը կամ ես անձամբ կարող եմ որևէ դավադրության մեջ ներքաշվել», - ասաց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ յուրաքանչյուր պետության ղեկավար, իհարկե, խոսում է իր պետության և ժողովրդի շահերից, և այլ բան մտածելն իրավիճակի թյուրըմբռնման հետևանք է: