Հայաստանի պետական պարտքը 2017 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 3.279.6 մլրդ դրամ, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, այն կազմել է 3 տրլն 349 մլրդ դրամ կամ 6 մլրդ 922,9 մլն դոլար: Ըստ էության, մեկ տարում պետական պարտքն աճել է 69.4 մլրդ դրամով (2,1 տոկոսով) կամ 148.3 մլն դոլարով (2,2 տոկոսով): Պետական պարտքի ամփոփ ցուցանիշները հրապարակել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Ֆինանսների նախարարության ներկայացրած փաստաթղթի համաձայն, պետական պարտքի մարման առումով ամենածանր տարիները լինելու են 2020 թվականը և 2025 թվականը: Մասնավորապես, 2020-ին Հայաստանի քաղաքացները պետք է մարեն ավելի քան 800 մլն դոլար, իսկ 2025 թվականին՝ շուրջ 750 մլն դոլարի պարտք: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին պետական պարտքի մարմանը կուղղվի շուրջ 300 մլն դոլար: Պետական պարտքի մարումների այդ պիկերը համընկնում են Հայաստանի կողմից թողարկած եվրոբոնդերի մարումների հետ, իսկ դրանից 500 միլիոնը եվրոբոնդերի մարման մայր գումարն է, փոխանցում է News.am գործակալությունը: