Ոչ մի արդյունք չի նախատեսվել: Մոսկվայում ԵՏՀ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին հարցին:
«Ոչ մի արդյունք չկա: Դա պարզապես շփում էր: Ո՛չ Ալիևը, ո՛չ ես արդյունքներ չէինք ակնկալում: Մենք պարզապես խոսել ենք: Իհարկե, մենք քննարկել ենք Ղարաբաղը: Բայց դա պաշտոնական բանակցություն չէ, մենք պարզապես խոսում ենք այս հիմնահարցի մեր ընկալումների մասին, այն մասին, թե մենք ինքներս ինչպես ենք ընկալում այդ խնդիրը, ինչպես են ընկալում մեր ժողովուրդները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան հարցին՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ արդյոք քննարկվե՞լ է տարածքների հանձնումը և Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելը, Փաշինյանը նշել է, որ ամբողջ զրույցն ընթացել է իր հրապարակային հայտարարությունների շրջանակում: «Ես բարձրաձայնել եմ իմ հրապարակային հայտարարությունները և դիրքորոշումը: Ես ասել եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը, այլ ոչ Արցախը՝ այն պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին և ինձ չեն ընտրել: Նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց նախագահը: Ուստի ես չեմ կարող բանակցություններ վարել Արցախի անունից, ես կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ չի կարող բացահայտել քննարկումների բոլոր մանրամասները, քանի որ դա բարոյական չէ:
Խոսելով Ալիևի հետ պաշտոնական բանակցությունների ժամկետների մասին՝ նա նշել է, որ 2 երկրների ԱԳ նախարարները բանակցություններ են վարում, բայց առայժմ կոնկրետություն չկա: