Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հայկո Մաասն ու Սերգեյ Լավրովը ողջունում են Գերմանիայի կառավարության որոշումը տրամադրել 12 մլն եվրո վետերանների հիվանդանոցի վերանորոգման և ռուս-գերմանական հանդիպումների կենտրոնի ստեղծման համար: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշվում է Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Մենք վստահ ենք, որ այդ բարեգործական միջոցառումը կբարելավի ողջ մնացած տուժածների կյանքի որակն ու կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջև պատմական հաշտությանը հետագայում մեր երկկողմանի հարաբերությունների հիման վրա»,-նշվում է հայտարարությունում:
1941 թվականի սեպտեմբերի 8-ին սկսված Լենինգրադի շրջափակումը տևել է գրեթե 900 օր: Միակ ճանապարհը՝ Կյանքի ուղին, որով քաղաքը ստանում էր սննդամթերք, անցնում էր Լադոժյան լճի սառույցի վրայով: Շրջափակումը կասեցվել է 1943 թվականի հունվարի 18-ին և ամբողջովին դադարեցվել՝ 1944 թվականի հուվարի 27-ին: Այդ ընթացքում, ըստ տարբեր տվյալների, զոհվել է 400 հազարից մինչև 1.5 մլն մարդ: