ՄԱԿ-ը կօգնի հայ գործարարներին ստեղծել ֆրանկոֆոն աշխարհի գործընկերների հետ կոնտակտների ցանց։ Այս մասին Sputnik Արմենիային է ասել Եվրամիությունում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչ Պատրիկ Ժիլաբերը։
UNIDO-ն մեծ ծրագրեր ունի՝ ստեղծել Ֆրանկոֆոնիայի գործարարների պրոֆեսիոնալ ցանց։ Հայաստանցի գործարարները կկարողանան նոր գործընկերների գտնել գրեթե 90 երկրներում։
«Կարծում ենք՝ նման ցանցը կարող է շատ օգտակար լինել Հայաստանի համար։ Ձեր գործարարները կկարողանան ամրապնդել կապերը Աֆրիկայի ու Ֆրանկոֆոնիայի այլ երկրների շուկաների հետ», - ավելացրել է Ժիլաբերը։
Նախագծի գաղափարը քննարկել են բիզնես-ֆորումում, որն անցկացվել է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում նախորդ տարվա հոկտեմբերին։ Հիմա նախագծին աջակցելու մասին խոսակցություններ են վարում Եվրահանձնաժողովի հետ։