Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Aeronautics Defense Systems ընկերության երեք ղեկավարների արտահանման լիցենզիան: Ինչպես հայտնում է «The Times of Israel»-ը` կասեցվել է գլխավոր տնօրեն Ամոս Մաթանի, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչի, ինչպես նաև երրորդ աշխատակցի լիցենզիան, ում անունը չի նշվում:
Ընկերության վերոնշյալ աշխատակիցները կասկածվում են խարդախության և զինամթերքի արտահանման վերահսկողության կանոնները խախտելու մեջ:
Նշենք, որ Aeronautics Defense Systems (ADS) ընկերությունը կասկածվում է Ադրբեջանում ցուցադրության ժամանակ հայկական զորքերի դեմ դրոնները գործածելու մեջ:
Այդ գործով հետաքննությունը սկսվել է 2017 թվականի սեպտեմբերին: 2017 թ. օգոստոսին զեկույց հրապարակվեց, որ ընկերությունը կասկածվում է Ղարաբաղում Orbiter 1K անօդաչու-կամիկաձե սարքը հայերի վրա հարձակման նպատակով գործածելու մեջ:
Բացի այդ պարբերականի փոխանցմամբ` 2016 թվականին Ադրբեջանը կիրառել էր նաև իսրայելական արտադրության Harop-անօդաչու-կամիկաձե սարքը ավտոբուսի վրա հարձակվելու ժամանակ, որի հետևանքով 7 հայ էր սպանվել:
Հիշեցնենք, որ ըստ իսրայելական «Մաարիվ» պարբերականի, Ադրբեջանի ներկայացուցիչները, դիտարկելով նոր իսրայելական անօդաչու սարքերի գնման հնարավորությունը, խնդրել էին Aeronautics Defense Systems-ի աշխատակիցներին ցուցադրել Orbiter 1K դրոն-կամիկաձեի հնարավորությունները: Այդ նպատակով անօդաչու սարքի օպերատորներին առաջարկել էին հարվածել հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, սակայն անհրաժեշտ փորձի պակասի պատճառով, նրանց չի հաջողվել նշանակետին հարվածել: