ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։
«Միշտ խոսել ենք նրա մասին, որ խաղաղությանը նպաստող միջավայր է անհրաժեշտ, քանի որ բոլորս հասկանում ենք, որ անհնար է մի կողմից բանակցել խաղաղության մասին, իսկ մյուս կողմից թշնամություն կամ էսկալացիոն լարվածության մեծացանում լինի։ Բոլոր այն հանգամանքները, որ նպաստում են խաղաղությանը նպաստող միջավայրին, կարևոր են և էական»,- ասել է նախարարը։
«Այսօր մենք ունենք մեր գերակայությունները, այդ առումով բանակցություններում չի եղել մի բան, որի մասին դուք չիմանաք։ Շատ հետաքրքիր է, թե ինչպիսի մեկնաբանություններ կան, նաև որոշակի կասկած կա, թե մենք ինչ-որ պարտվողական տրամադրվածություն ունենք, թե ինքնավստահություն ենք կորցրել։ Վստահ եղեք, նման բան չունենք և կարիք չկա տեսնելու մի բան, որը չկա։ Մենք երբեք պարտվողական չենք եղել ու չենք լինում»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը։
«Սա, որպես սկզբունք, մենք արտահայտել ենք, որևէ նորություն չկա։ Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի, սա չի նշանակում, որ մենք կորցրել ենք մեր վճռականությունը։ Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»,- շեշտել է Մնացականյանը։