Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն, ով իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, հայտարարել է, որ զինված ուժերի և այլ պաշտոնյաների հետ գաղտնի բանակցություններ է վարում` Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու և երկրում ստեղծված ճգնաժամը խաղաղ հանգուցալուծելու նպատակով: Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում:
«Մենք բանակցում ենք ինչպես երկրի զինված ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ պետական համակարգում պաշտոն զբաղեցնող անձանց հետ»,- նշել է Գուաիդոն:
Նրա խոսքով` բանակցությունները գաղտնի են ընթանում` մասնակիցների անվտանգությունը երաշխավորելու համար:
Խուան Գուաիդոն ասել է, որ նախքան արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է մի քանի հարցեր կարգավորել, ինչը կտևի մոտ 6-ից 9 ամիս: Մասնավորապես, ըստ նրա, Մադուրոյի հրաժարականից հետո պետք է ապահովել ընտրական համակարգի թափանցիկությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին, օրեր տևած ցույցերից հետո, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն հռչակեց իրեն երկրի ժամանակավոր նախագահ: