Եվրահանձնաժողովը սպասում է այսօր՝ հունվարի 29-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում երկրի՝ Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ օրինագծում փոփոխությունների շուրջ կայանալիք քվեարկության արդյունքներին, որպեսզի պարզաբանվեն Brexit-ի հարցով հետագա քայլերը: Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի Բրյուսելում անցկացված բրիֆինգի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:
"Եկեք տեսնենք, թե ինչպես կանցնի քվեարկությունը և այնուհետև կսկսենք գործել: Այժմ մենք չենք շահարկելու, մենք պետք է սպասենք քվեարկության արդյունքներին և այնուհետև տեսնենք, թե ինչ կասեն կառավարությունները [ԵՄ անդամ 27 երկրների]", - ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 29-ին Միացյալ Թագավորության խորհրդարանականները քննարկելու են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին օրինագծում մի շարք փոփոխությունները, որոնցով կորոշվի Լոնդոնի և Բրյուսելի "ապահարզանի" ինչպիսին լինելը: Փոփոխություններից մեկը պահանջում է բացառել կոշտ Brexit-ը: