Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել հայկական երկու մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով Los Angeles Times-ին:
Նշվում է, որ շատերը հայկական դպրոցների դարպասներին Թուրքիայի դրոշը կախելը նկարագրում են որպես ատելության գործողություն, որը միտված է հայկական համայնքի շրջանում վախ սերմանելուն և Հայոց ցեղասպանության վարկաբեկմանը:
Լոս Անջելեսի ոստիկանությունը ուսումնասիրում է տեսաձայնագրությունները և պլանավորում է ուժեղացնել հսկողությունը դպրոցների շրջակայքում:
Երկու դպրոցներում էլ դրոշները փակցվել են մինչև աշակերտների ժամանումը: ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանն ասել է, որ տեսաձայնագրություններում երևում է, որ դպրոցների դարպասներին դրոշները փակցրել է ամբողջությամբ սև հագնված 1 կամ 2 մարդ:
Կոնգրեսական Բրեդ Շերմանը դատապարտել է տեղի ունեցածը և իրավապահ մարմիններին կոչ է արել արարքի հեղինակներին ձերբակալելը դարձնել առաջնահերթ խնդիր: