ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 29-ին ընդունել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևին և Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը և խնդիրները առավել ինտենսիվ դարձնելու հնարավորությունները, ինչպես նաև համատեղ զորախմբի կազմով ընթացիկ տարվա մարտավարական զորավարժությունների նախապատրաստման աշխատանքները: