Հայաստանում ներքաղաքական անկայունության հաղթահարումից և ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորումից հետո զարգացման միտումներ են նկատվում ՀՀ-ԵՄ հարաբերություններում։
Շաբաթվա սկզբին Հայաստան էր այցելել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։ Հունվարի 31-ին պաշտոնական այցով Գերմանիա կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, ինչպես հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մարտին սպասվում են ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի շփումներ։
Հեղափոխությունն ու դրան հետևած ընտրական գործընթացները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո Հայաստանի և Եվրամիության ղեկավարության միջև առաջացած որոշակի չհասկացվածությունը հանգեցրել էին նրան, որ 2018-ը ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից բավական պասիվ տարի էր։ Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ ինստիտուցիոնալ մակարդակով աշխատանքներն ու համագործակցությունը բնականոն հունով շարունակվում էր։ Այդ գործընթացների ավարտից հետո այժմ՝ հենց տարվա սկզվին, քաղաքական երկխոսության ակտիվություն է արձանագրվում։
Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացի բովանդակությանը, ապա Յոհաննես Հանը Երևանում հստակ հայտարարեց, որ եկել է «լսելու, թե ինչ ծրագրեր կան և հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել»։ Եվրամիությունը պատրաստ է օժանդակել Հայաստանին գյուղատնտեսության, կրթության, արդարադատության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման հարցում, սակայն դրա համար հարկավոր են Հայաստանի կողմից մշակված մրցունակ և որակյալ նախագծեր։
ԵՄ հանձնակատարի ուղերձը բավական միանշանակ էր՝ ԵՄ պատրաստ է մեծացնել Հայաստանին աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական, սակայն հստակ նախագծերի և առաջարկների դիմաց։ «Ժողովրդավարական առաջընթացի» համար ևս ֆինանսական օժանդակություն կլինի, սակայն դա չի կարող շատ մեծ գումար կազմել։
Դրա փոխարեն, ԵՄ-ն կրկին օրակարգ է բերում Հայաստանի համար դոնորների համաժողով անցկացնելու հարցը, որը կարող է բավական մեծ ներդրումներ բերել երկիր։ Ուստի, այս հարցում ՀՀ իշխանությունների կողմից հատուկ հետևողականություն կպահանջվի։
Տնտեսական նոր հեռանկարներ կարող է ստեղծել նաև Փաշինյանի՝ Գերմանիա ակնկալվող այցը։ Սպասվում է տնտեսական համագործակցության շուրջ հստակ հարցերի քննարկում, ինչպես նաև փաստաթղթերի ստորագրում։
Կարող ենք արձանագրել, որ ուրվագծվում են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, տնտեսական ոլորտում աջակցության մեծացման հնարավորությունները։ Այժմ ամեն ինչ կախված է լինելու Հայաստանի իշխանությունների նախաձեռնողականությունից և պայմանավորվածությունների արդյունավետ և հետևողական կատարումից։