Ռուսաստանը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում իր միջնորդական առաքելությունն իրականացնում է բարեխճորեն։ Այսօր ճեպազրույցի ժամանակ, ինչպես փոխանցում է panorama.am-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ արտաքին գերատեսչության ներկայացուցչին հետևյալ հարցն է տրվել. «Չնայած նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպմանը քննարկվել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարց, դրանից բառացի երեք օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի։ Դրանից հետո ի՞նչ խաղաղության նախապատրաստման մասին է խոսքը, մի՞թե դա միայն հայկական կողմերին է վերաբերում։ Չե՞ք կարծում, որ բանակցություններին առանց Արցախի անմիջական մասնակցության հնարավոր չէ կարգավորման գործընթացում հասնել հաջողության»։
«Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է, չի փոխվել։ Ինձ թվում է, որ ձեր հարցի առաջին մասը հաստատ չպետք է ուղղել ռուսական կողմին։ Մենք մեր միջնորդական գործառույթը կատարում ենք բարեխղճորեն։ Ինձ թվում է՝ որակով։ Մենք ողջունում ենք քաղաքական այն շփումները, որոնք վերջին շրջանում տեղի են ունենում Երևանի և Բաքվի միջև՝ տարբեր մակարդակներում։ Մենք լսեցինք այդ կառուցողական գնահատականները, որոնք այդ առիթով տվել են հենց մայրաքաղաքները։ Եվ մենք կարծում ենք, որ դա առաջ շարժվելու ճիշտ ուղին է»,- ասել է Զախարովան։