Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատանը նշել են Հայոց բանակի օրը:
Ինչպես հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը, միջոցառմանը մասնակցում էին տասնյակ երկրների ռազմական կցորդներ և բարձր հյուրեր Պենտագոնից: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուպերն անձամբ էր եկել շնորհավորելու Հայաստանի բանակի տոնը: Իր խոսքի մեջ Պենտագոնի ներկայացուցիչն առանձին ընդգծել է, որ խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությունը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար. «Պաշտպանության նախարարության անունից առաջին հերթին ցանկանում եմ մեր շնորհակալությունը հայտնել Հայաստանի Զինված ուժերի անձնազոհ նվիրվածության համար՝ ամբողջ աշխարհում միջազգային գործողությունների և խաղաղապահ առաքելությունների իրականացման գործում»:
Լորա Քուպերի խոսքով` ամերիկյան կողմը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ ռազմական հարաբերությունները: Նրա խոսքով, մոտ ապագայում ինքը Երևան է այցելելու՝ տեղում քննարկելու հարաբերությունների խորացման հեռանկարները. «Մենք միասին ենք ներդրում կատարում ազատ և բարգավաճող Հայաստանի կառուցման գործում»: