Վերջին շրջանում Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում հակասություններ են նկատվում: Մասնավորպես, այդ մասին է փաստում Ռուսաստանի արտգործնախարարության մակարդակով հնչեցված այն հայտարարությունը, ըստ որի Իրանը Ռուսաստանի համար Սիրիայի հարցով դաշնակից չէ:
Սակայն առավել հետաքրքրականն այն է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև առկա այդ հակասությունների խորացման ֆոնին Սիրիայում կարծես թե նոր` Ռուսաստան-Իսրայել տանդեմ է ձևավորվում: Ասվածի համար հիմք է ծառայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարությունը, ըստ որի «Ռուսաստանի համար կարևոր է Իսրայելի անվտանգությունը և վերջինս համաձայն չէ Իսրայելի նկատմամբ Իրանի վարած թշնամական քաղաքականության հետ»:
Արտգործնախարարության մակարդակով արված այս հայտարարությունը հատկանշական է այն առումով, որ իր մեջ հստակ ուղերձ է պարունակում առ այն, որ Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Իրանն է, այլ Իսրայելը: Դրա մասին են վկայում նաև իրանական կողմի այն պնդումները, համաձայն որոնց իսրայելական ուժերի հարձակման ժամանակ, որի թիրախում եղել են հիմնականում իրանամետ ուժերը, Ռուսաստանը չի ակտիվացրել С-300 ՀՕՊ համակարգերը:
Ուստի կարող ենք փաստել, որ իրականում Սիրիայի հարցով Ռուսաստանի և Իսրայելի շահերը ներկայում միանգամայն համընկնում են: Իսրայելի համար իրանական ուժերի ներկայությունն իր սահմանների մոտ դիտարկվում է որպես լուրջ սպառնալիք երկրի անվտանգության համար: Իսկ Ռուսաստանի պարագայում Սիրայում հիմնական խաղացող դառնալու վերջինիս մտադրության ֆոնին, բնական է, որ Իրանի ակտիվությունը Մերձավոր Արևելքում խանգարող հանգամանք է դիտարկվում: