Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում կկատարի Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ իր խոստումը: Այս մասին TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը:
«Պարոն Թրամփը խոստացել էր, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատի արևելքից: Հույս ունենք, որ այդ խոսոտւմն առաջիկայում կկատարվի: Մենք չենք ցանկանում ապրել սպառնալիքի ներքո և պատրաստ ենք այն չեզոքացնելու համար անհրաժեշտ ամեն ինչ անել»,-ասել է Էրդողանը:
Նա կրկին հիշեցրել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի մասնատմանը և հանդես է գալիս նրա տարածքային ամբողջականության և քաղաքական միասնականության օգտին:
Էրդողանի խոսքերով՝ Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտին պետք է վերահսկվի Թուրքիայի կողմից: «Մենք կձեռնարկենք բոլոր միջոցառումներն այդ գոտում անվտանգությունն ապահովելու համար», - հավելել է Թուրքիայի նախագահը: