Իտալիան արգելափակել է Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գործակալության Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը:
«Իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ Իտալիան ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Բուխարեստում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը վետո է դրել ԵՄ-ի անունից հայտարարության վրա, որը պետք է աներ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, և որում ասվում էր, թե ԵՄ-ն կճանաչի Գուայդոյին, եթե չկազմակերպվեն նոր նախագահական ընտրություններ»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ արդյունքում հայտարարվել է Եվրամիության կողմից Ուրուգվայի հետ համատեղ փետրվարի 7-ին Մոնտեվիդեոյում Վենեսուելայի խնդրով միջազգային շփման խմբի առաջին նախարարական հանդիպման անցկացման մասին: Մի խումբ դիտորդների կարծիքով՝ Վենեսուելայի վերաբերյալ Եվրամիության հայտարարության հետ կապված իրադրությունը հերթական հավաստումն է այն բանի, որ ԵՄ-ի անդամ երկրների շրջանում միասնություն չկա արտաքին քաղաքականության հարցերում: