Վերջին օրերին Վենեսուելայում տեղի ունեցող քաղաքական խժդժությունների ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն էր հայտնել պաշտոնակից Նիկոլաս Մադուրոյին, փոխանցում է Ermenihaber-ը:
Ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Milli gazete» լրատվական կայքում հրապարակված հոդվածում հիշեցվել է, որ Վենեսուելայի խորհրդարանը 2005 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Աղբյուրը շեշտել է, որ այդ ժամանակ Վենեսուելայի խորհրդարանի նախագահը եղել է հենց ներկայիս նախագահ Մադուրոն:
«2005-ի հուլիսի 14-ին Վենեսուելայի խորհրդարանը Մադուրոյի նախագահությամբ ճանաչել է այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը՝ պահանջելով նաև Եվրամիության անդամության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների առկախում»,- նշվում է հոդվածում:
Թուրքական կայքը տեղադրել է նաև ժամանակին Թուրքիայի մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչի՝ Մադուրոյին հղած նամակը, որով Արընչը դժգոհությունն էր հայտնել վերոնշյալ որոշման կապակցությամբ: