Վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա ուղեկցվեց երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների կտրուկ խորացման ակնկալիքների մեծ ալիքով:
Առանձնահատուկ ընդգծելով, որ երկրու երկրների միջև ձևավորված տնտեսական խողովակներն իրենց արդյունավետությունը ցուցադրել են տարիներ ի վեր՝ առանձնացնենք վերջին այցի շրջանակներում եղած հանդիպումներից ու արված հայտարարություններից բխող հստակ սպասելիքները:
KFW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ վարչապետի հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ բանկը շարունակում է հետաքրքրված լինել ՀՀ տնտեսությամբ, մասնավորապես դրա մի քանի ուղղություններով, ինչպիսիք են ջրային տնտեսությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, ենթակառուցվածքների ոլորտը: Պետք է նշել, որ սրանք ուղղություններ են, որոնցում տարիներ ի վեր բանկն ունեցել է իր ակտիվ մասնակցությունը: Ենթադրվում է, որ պետք է սպասել այս և այլ ուղղություններով բանկի նոր ծրագրերին:
Ուշագրավ հանդիպում տեղի ունեցավ Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխայել Հարմսի հետ, ով նշել է ապրիլին Հայաստան մեծ տնտեսական պատվիրակության նախատեսվող այցի մասին: Բարձրաստիճան պաշտոնյայի կարևոր շեշտադրումներից էր Հայաստանի կողմից և՛ Եվրամիության, և՛ ԵԱՏՄ հետ տարվող արդյունավետ քաղաքականությունը, որի պաշտոնական ամրագումը տեղի ունեցավ 2017թ.-ի աշնանը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեսքով: Փաստացի Միխաել Հերմսն ընդգծեց մեր երկրի՝ արդեն երկու տարվա վաղեմության որդեգրած քաղաքականության արդյունավետությունը՝ ի հեճուկս համաձայանգրի կնքման օրերին առկա թերահավատ տրամադրություններին:
Վարչապետի ունեցած բոլոր հանդիպումներում էլ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կար տնտեսական շեշտադրում և սա սպասումների բավական մեծ ալիք է առաջացնում: Ընդ որում, պետք է նշել, որ Գերմանիայի տարբեր պաշտոնյաների ու գերատեսչությունների կողմից տնտեսական համագործակցության զարգացման մեծ պատրաստակամություն նկատվեց, ինչը ներկայիս Կառավարության պատասխանատվության բեռն է՛լ ավելի է մեծացնում: