«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ «Freedom in the World» զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:
Համաձայն զեկույցի, ՀՀ-ն մի շարք այլ երկրների հետ նախորդ տարում արձանագրել է ժողովրդավարական անսպասելի առաջընթաց, հայտնում է PanArmenian-ը: Նշվում է, որ երկրում տեղի ունեցած զանգվածային ոչ բռնի բողոքի ալիքը ստիպել է նախկին իշխանություններին հաշվի նստել հանրային պահանջի հետ. արդյունքում` իշխանությունն անցել է «բարեփոխումներ հակված ուժի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:
Միևնույն ժամանակ, կազմակերպության դասակարգմամբ, Հայաստանը շարունակում է մնալ դեռևս մասնակի ազատ երկրների շարքում: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը նույնպես մասնակի ազատ երկրի կարգավիճակ ունի:
Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, դասվում են ոչ ազատ երկրների շարքին: