Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» մինչև 23 տարեկանների թիմի կազմում «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի երիտասարդական առաջնության (Պրեմյեր լիգա-2) 16-րդ տուրի խաղին մասնակցելուց հետո կիսվել է տպավորություններով: Այդ հանդիպումն անավարտ էր մնացել վատ եղանակային պայմանների (մառախուղ) պատճառով: Առաջին խաղակեսից հետո «Արսենալը» հաղթում էր 3:0 հաշվով, հայտնում է News.am-ը:
«Որոշ ժամանակ անց ես վերադարձա խաղադաշտ: Հանդես եկա մինչև 23 տարեկանների թիմի կազմում, ինչի համար ուրախ եմ: Հույս ունեմ, որ այլևս չեն լինի վնասվածքներ և կշարունակեմ խաղալ:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աշխատում էին ինձ հետ՝ բժշկական անձնակազմ, ֆիզպատրաստության մարզիչ և, նույնիսկ, թիմակիցներ: Նրանք աջակցում էին ինձ ամեն օր: Սա կյանք է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Հույս ունեմ, որ այլևս ոչ ոք վնասվածք չի ստանա, և թիմն ամբողջական կազմով կպատրաստվի հաջորդ խաղերին:
Ցավոք, չկարողացանք ավարտել հանդիպումը: Խաղն անավարտ մնաց, բայց անցկացրինք հրաշալի առաջին խաղակես: Կարծում եմ՝ ամեն բան լավ կատարեցինք: Խփեցինք 3 գոլ, խաղում էինք լավ ֆուտբոլ և կարող էինք մեծացնել առավելությունը: Երբեք չէր եղել, որ իմ մասնակցությամբ հանդիպումը դադարեցվեր ընդմիջմանը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում էր դեկտեմբերի 19-ից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում:
«Արսենալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 9-ին՝ Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում հյուրընկալվելով հետնապահ «Հադերսֆիլդին»: