ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Հյուսիսային և Հարավային Կորեայի միջև տնտեսական փոխգործակցություն վերստեղծել և այլ զիջումներ անել Փհենյանին՝ պայմանով, որ փետրվարի 27-28-ին Վիետնամում կայանալիք հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը համաձայնի իր երկրի միջուկահրթիռային զենքի մասնակի ոչնչացման հետ կապված զգալի քայլեր անել։ Այս մասին հաղորդում է ճապոնական Asahi Shimbun պարբերականը` ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրներին հղումով։
Տեղեկատվության համաձայն՝ Թրամփն ակնկալում է, որ Կիմ Չեն Ինը կհամաձայնի ապամոնտաժել Փհենյանից 80 կմ հեռավորությամբ գտնվող Յոնբենի միջուկային կենտրոնը, որտեղ պլուտոնիում է արտադրվում։
Վաշինգտոնում նաև ակնկալում են, որ Հյուսիսային Կորեան կոչնչացնի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, որոնք կարող են հասնել մինչև ԱՄՆ։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Հյուսիսային Կորեային։