ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը դժգոհ է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգներին դուրս է բերում Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՓՄՀՀՊ)՝ այլ ոչ թե համոզում այլ երկրներին, որ Ռուսաստանն է պատասխանատու դրա խախտման համար:
«Մենք, իհարկե, շատ բան գիտենք իրենց խաբեության մասին, և պետք է ավելի լավ աշխատեինք, որպեսզի ոչ միայն ամերիկացիները, այլև ռուսներն ու եվրոպացիները (...) հասկանային, որ ռուսները խախտել են իրենց պարտավորությունները ՓՄՀՀՊ շրջանակներում»,- ասել է Քլինթոնը:
Քլինթոնը նաև նշել է, որ առանց Ռուսաստանի հետ որևէ այլ համաձայնագրի շուրջ բանակցությունների պայմանագրից դուրս գալը «մեծացնում Է անկանխատեսելիությունը» տարածաշրջանում:
«Վերջին բանը, ինչ այժմ հարկավոր է աշխարհին, միջուկային սպառազինությունների մրցավազքն է»,- ասել է Քլինթոնը փետրվարի 6-ին Ջորջթաունի համալսարանի կողմից կազմակերպված միջոցառմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 5-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման ռուս-ամերիկյան պայմանագրի վերակնքման հնարավորությունը: