Թուրքիայի «Մեծ միասնություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեսթիջին, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշումը, հայտարարել է, որ Թուրքիան պետք է արտաքսի երկրում գտնվող Հայաստանի քաղաքացի ներգաղթյալներին:
Ինչպես գրում է Tert.am-ը` հղում կատարելով թուրքական «Բիրգյուն» պարբերականին, ազգայնական կուսակցության ղեկավարը պնդել է, որ Թուրքիայում 100 000 հայաստանցի անօրինական ներգաղթյալ կա, որոնց պետք է անհապաղ արտաքսել: Ըստ նրա՝ ոչ մի որոշում չի կարող ստիպել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը:
«Մակրոնը չէ՝ ամբողջ աշխարհն էլ միանա՝ չեն կարող դա մեզ ընդունել տալ», - հայտարարել է Դեսթիջին:
Թուրք քաղաքական գործիչը Ֆրանսիային մեղադրել է «ցեղասպան անցյալ ունենալու, Ալժիրում ու Ռուանդայում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դառնալու համար»:
«Դու ո՞վ ես: Դու նախ պատասխան տուր ձեր արած ցեղասպանությունների համար: Ալժիրում 2 մլն մահմեդականի մահվան պատճառ դարձաք: Դուք Ռուանդայում հեղաշրջմանն աջակցեցիք, 800 000 անմեղ մարդ կյանքը կորցրեց: Դու նախ այս ամենի պատասխանը տուր: Դու ո՞վ ես, որ այս ժողովրդին հայերի ցեղասպանություն իրականացնելու համար մեղադրես»,- ասել է Դեսթիջին: